Posted in Մայրենի 6-րդ դասարան

Փորձություն  (hնդկական  հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։


Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։
Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։
—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։
Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։
Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.
—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։
—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։
—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։
—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։
Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.
—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։
Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։
Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.
—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։
Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։
Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.
—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։
Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
    Դհավալմուքհը
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։
    2.Գրիր փոքրիկ պատում ընկերասիրության մասին:
    Ես շատ մտածեցի, թե ի՞նչ կարող եմ գրել, ո՞վ է իսկական ընկերը, ի՞նչ է նշանակում ընկերություն, ապա արագ մտաբերեցի գրող Տիգրան Նիկողոսյանի, ով նաև իմ պապիկն է, <<Դու մեր ընկերը չես>> ստեղծագործությունը։
    Իսկապես այս ժողավածուն վեր է հանել պատանիների շրջանում եղած, և խնդիրները, և հուզմունքները, որից հնարավոր է շատ բան քաղել։ Ես անկեղծ լինեմ, ոչ շատ ընկերներ ունեմ, ոչ էլ դեռ մեկը, ով մի փոքր կմտածի իմ պես։
    Այս պատմվածքը մի տղայի մասին էր, ում հայրը անգիտակցաբար կամ ոչ կոտրել էր բակի տղաների ուրախությունը, որոնցից մեկն էլ հենց իր տղան էր։ Իհարկե իրենք չէին ուզենա, բայց ընկերների միջև առաջացավ լարվածություն, հավատի կորուստ դեպի գեղեցիկը, դեպի մարդկային հարաբերությունները։ Իհարկե, պատմությունն ունեցավ տխուր վերջաբան, ընկերներն այդպես էլ չհաշտվեցին, չհասկացան միմյանց, արդյունքում՝ կորցնելով մանկության հուշերը։
Posted in Մայրենի 6-րդ դասարան

Հովհաննես Թումանյան, «Ամենից լավ տունը»

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
              Մի հին խըրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
              Էս գորշ խըրճիթից,
              Էս հին խըրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
              Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
              Էս գորշ խըրճիթն է,
              Էս հին խըրճիթն Է,
              Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Իմաստուն առակ ներկայի, անցյալի և ապագայի մասին

Երեք իմաստուն վիճում  էին, թե որն է մարդու համար ամենակարևորը` նրա անցյալը, ներկան, թե ապագան։
Նրանցից մեկն ասում է․
-Իմ անցյալը դարձնում է ինձ այն, ինչ կամ։ Ես կարողանում եմ անել այն,  ինչ սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինձ, որովհետև ինձ հաջողվել է անել այն գործերը, որոնք ես վաղուց ձեռնարկել էի։ Ինձ դուր են գալիս մարդիկ կամ նրանց նմանները, որոնց հետ ես առաջ լավ էի զգում: Հիմա ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր ժպիտները և սպասում  ձեր առարկություններին, որովհետև առաջին անգամ չէ, որ մենք վիճում ենք, և ես արդեն գիտեմ, որ դուք  սովոր չեք առանց առարկության համաձայնության գալ։
-Իսկ դրան հնարավոր չէ համաձայնել,-ասաց մյուսը,- եթե դու ճիշտ ես, ուրեմն մարդը պիտի դատապարտված լինի և սարդի պես օր օրի նստի իր սովորությունների սարդոստայնում։ Մարդն է ստեղծում  իր ապագան։ Կարևոր չէ, թե այժմ ես ինչ գիտեմ և ինչ եմ կարողանում. ես կսովորեմ այն, ինչ  ինձ անհրաժեշտ  կլինի ապագայում: Իմ պատկերացումը, թե ինչպիսին եմ  ցանկանում լինել երկու տարի անց, ավելի  իրական է, քան իմ հիշողություններն առ  այն, թե ինչպիսինն եմ  եղել երկու տարի առաջ, որովհետև իմ գործողությունները  կախված չեն նրանից, թե  ինչպիսինն եմ ես եղել, այլ` ինչպիսինն եմ  պատրաստվում դառնալ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք նման չեն  նրանց, ում ես ճանաչել եմ վաղուց։  Եվ ձեզ հետ զրույցը հետաքրքիր է, քանի որ ես այստեղ ակնկալում եմ հետաքրքիր պայքար և մտքերի անսպասելի շրջադարձեր:
-Դուք ամբողջովին ձեր տեսադաշտից բաց եք  թողել, որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում,- միջամտեց երրորդը: Անցյալն արդեն գոյություն չունի։ Ապագան էլ  դեռ չկա։ Եվ անկախ նրանից` հիշում եք դուք անցյալը կամ երազում  ապագայի մասին, գործում եք  միայն ներկա ժամանակում։ Միայն ներկայում դու կարող ես ինչ-որ բան փոխել քո կյանքում. ոչ անցյալը, ոչ ապագան մեզ ստորակա չեն։ Միայն ներկայում կարող ես երջանիկ լինել. անցյալի երջանկության մասին հիշողությունները տխուր են, ապագա երջանկության սպասումը` տագնապալի:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Ղազարոս Աղայան․ «Երջանիկը խրճիթը»

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ՝ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ինչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստեցին, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

Ա~ ա~, մեր որդին, -բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…